ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գաղութացվող Հայաստան

Գաղութացվող Հայաստան
01.10.2024 | 18:51

Օրեր առաջ դեռևս ինքնիշխան Հայաստանի հնարավոր գաղութացման մասին համառոտ ակնարկ էր ներկայացրել հարգարժան Ստեփան Դանիելյանը։ Շարունակելով թեման, կփորձենք ներկայացնել մի քանի դիտարկումներ, որոնք թուրքական տուն կատարած այցի ֆոնին, պարզապես չարագուշակ են նկատվում։ Թեման խորապես ըմբռնելու համար կփորձենք եվրոպական գաղութատիրության դասական սահմանման հիմքի վրա պրոյեկտել հայկական քաղաքական դաշտը, դրա վրա իմպերիալիստական երկրների ազդեցությունը, ակնհայտ ռիսկերը, դրանց կործանարար ալգորիթմը։

Պատմաբանները, ընդհանուր առմամբ, առանձնացնում են եվրոպական գաղութատերերի կողմից հաստատված երկու հիմնական տեսակներ. առաջինը վերաբնակիչների գաղութատիրությունն է, որտեղ ֆերմերներն ու քաղաքները հիմնվել են Եվրոպայից ժամանածների միջոցով։ Երկրորդ՝ շահագործման գաղութատիրություն, զուտ արդյունահանող և շահագործող գաղութներ, որոնց հիմնական գործառույթը տնտեսական արտահանման զարգացումն էր։Դասական ձևակերպման հետ ըմբռնման դժվարություններ ունեցողներին հրավիրում ենք դեպի հայ Ադրբեջանական, թուրքական վիճարկելի մի տարածք, որն ունի բնիկ հայ բնակչության նոսր քանակ, հանքահումքային ահռելի պաշարներ, որոնք տարատեսակ եվրոպական և ռուսական կոնցեսիոն պայմանագրերով արդեն իսկ թալանվում են։

Սյունիք։

Այո՛, դեռևս հայկական այդ տարածաշրջանի վրա կախված է թուրքական գաղութատիրության ռեալ սպառնալիքը, որը, ամենայն հավանականությամբ, գաղութացման երկու եղանակների սինթեզն է լինելու: Մի կողմից բնիկ բնակչության հեռացում կամ փոքրամասնություն վերաձևում վերաբնակիչների կողմից, մյուս կողմից բնական հարստությունների արդյունահանում և շահագործում։

Իսկ ինչպե՞ս կարող է թուրքական իմպերիալիզմը դա ստանալ:

Հայ ադրբեջանական խաղաղության պայմանագրի միջոցով, որտեղ առանցքային տեղ է զբաղեցնելու ադրբեջանցի վերաբնակիչների ետ վերադարձը նոսր հայկական բնակչություն ունեցող Սյունիք։

Վերաբնակիչների վերադարձից հետո, հայկական, ռուսական, եվրոպական բոլոր կոնցեսիոն շահագործողների հանքերը, դրանց արդյունահանումը վերաբնակիչների ձեռամբ կասեցվելու են, իսկ փոքր կորուստներով իրենց բաժնետոմսերը վաճառողները համաձայնվելու են վերաբնակիչների մետրոպոլիա թուրքական խոշոր կապիտալի առաջարկին։ Կարճատև մի ընթացքի մեջ, հայկական Սյունիքում հաջողությամբ ներդրվելու է գաղութացման դասական երկու եղանակների թուրքական սինթեզը։

Ըստ կառավարման մոդելների, գաղութային կառավարման համակարգերը կարելի է բաժանել ուղղակի և անուղղակի կառավարման երկու դասակարգումների։

Առաջինի դեպքում անսահմանափակ, կենտրոնացված դեսպոտիզմ է իրականացվում, որի ընթացքում բնիկ բնակչությունը բացառված է գաղութային կառավարման բոլոր մակարդակներում:

Երկրորդի անուղղակի կառավարումը դասակարգվում է որպես «ապակենտրոնացված դեսպոտիզմ», որտեղ ամենօրյա գործողությունները վարում էին տեղական ղեկավարները, բայց իսկական իշխանությունը պատկանում էր գաղութատիրական ուժերին։ Եթե այս մոդելները պրոեկտենք Սյունիքի և Հայաստանի վրա, ապա թուրքական հնարամիտ սինթեզը գնալու է դեպի ուղղակի և անուղղակի գաղութացման միասնության, որի արդյունքում միջանցքով Հայաստանից բաժանված Սյունիքը կլինի ուղղակի կառավարման տակ, իսկ Հայաստանի կառավարման անուղղակի տեղական կառավարիչները կլինեն նյու Յորքում թուրքական տուն այցելող տեղական էլիտաները։

Իսկ ո՞րն է դրամատիզմով լցված մեր փոքր հայրենիքի թուրքական գաղութացման առաջին քայլը: Դա Սյունիքի միջանցքն է, որը, ի դեպ նոյեմբերի 9-ի կալիտուլյացիայի կնքման ընթացքից հետո միայն հայտնվեց քաղաքական դիսկուրսում և ադրբեջանական բանակի ու հայկական ջախջախված բանակի մնացորդների միջև չեզոք գոտուն փոխարինելու եկավ միջանցք կոչված ֆենոմենը, երբ պարզվեց, որ երկու երկրների միջև պատերազմից փորձում է օգտվել նաև ռուսական իմպերիալիզմը։ Զանազան հարթակներում հակառուսական ճամարտակումները բնավ չեն ենթադրում, որ դա ինքնիշխանության հույսեր են և ապիկարները գոնե հեռանում են ռուսական գործոնից։ Կարելի է հիմա պնդել, որ ինքնիշխանության թեմայով տվայտանքներն ընդամենը միջանցքը թուրքերին հանձնելու ծրագիրն է եղել, որի վերաբերյալ բոլոր կասկածները էլ ավելի թանձրացան թուրքական տուն այցելողի գերերջանիկ ծամածուռ ժպիտը և Էրդողանի գիրքը սրտին սեղմելու տեսարանը տեսնելուց հետո։

Հաջորդիվ կքննարկենք գաղութացման այս գործարքի տնտեսական, սոցիալական ազդեցությունները և հնարավոր արդյունքները։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ